Միավորված ազգերի կազմակերպություն՝ ՄԱԿ, հիմնադրվել է 1945 թ.-ին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է: ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը:
Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր:
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
ՄԱԿ-ի կազմում կա 193 երկիր: Բոլոր երկրները ունեն հավասար ներկայացուցչություն ՄԱԿ-ի գլխավոր ժողովում, ՄԱԿ-ն աշխարհում ամենամեծ միջկառավարական կազմակերպությունն է:
Սկզբունքորեն, միայն ինքնիշխան պետությունները կարող են դառնալ ՄԱԿ-ի անդամ, և ներկայումս ՄԱԿ-ի բոլոր անդամներն ինքնիշխան պետություններ են: